Ազդակ #հրապարակախոսական

Եթե «հեղափոխական ակնկալիքները» չարդարանան…

Ուրեմն, մարդը, ավելի կոնկրետ՝ լրագրողը, բանաստեղծություն է հրապարակում ֆեյսբուքում, որն ունենում է 11 հազարից ավելի արձագանք, այդ թվում՝ 9.5 հազարը հավանում են հանճարեղ չափածոն: Եթե սա լիներ որևէ ժամանակակից գրողի/բանաստեղծի մասին, կասեի՝ «դե, նորմալ ա»: Բայց սա Հայաստանի Հանրապետության վարչապետի անձնական էջի հերթական գրառումն էր: Եվ դա դեռ մի կողմ. կարելի էր մտածել՝ «դե, բացի վարչապետ լինելուց՝ նաև մարդ է, ով ստեղծագործելու ձգտում ունի»:
Բայց, ավա՜ղ… փաստորեն, գրառումն արվել է միևնույն ժամանակ, ինչ ընդդիմության առաջնորդ դառնալու հավակնոտ հայտ ներկայացրած Միքայել Մինասյանը հարցազրույց էր տալիս՝ նշելով, որ ներկա իշխանություններն անբովանդակ են: Դա էլ դեռ բավական չէ, այսօր «ՀԺ» խմբագրականում (դե, պարզ է, թե ով) հոդված է հրապարակվում՝ ի պատասխան Վատիկանում ՀՀ նախկին դեսպանի հարցազրույցի, որտեղ առաջին բանը, ինչն ընդգծում է Մինասյանի առաջարկած դիսկուրսին պատասխանողը, դեսպանի՝ Սերժ Սարգսյանի փեսա լինելու փաստն է: Այլ կերպ ասած՝ խնդրի բովանդակությանն անդրադառնալու փոխարեն անձերին է անցնում: Ըստ այդմ՝ փաստացի ապացուցելով սեփական անբովանդակությունը:
Իսկ բովանդակային առումով նախկին դեսպանի անդրադարձի հիմնական քննարկվող հատվածը «օդում կախված հեղափոխության սպասման» մասին էր: «Արդյո՞ք սպասելի կամ անհրաժեշտ էր հեղափոխությունը» հարցին պատասխանելու համար պետք է պատասխանել մեկ այլ հարցի՝ «բավարարո՞ւմ էին նախկինում /նախկին երեք նախագահների իշխանության շրջանում/ ունակությունները խնդիրների համակարգային լուծման համար անհրաժեշտ մտածողություն ունենալու»:
Ընդհանրապես, պետք է փաստել, որ Սերժ Սարգսյանի կառավարման շրջանում ներկա իրողությունների համար բոլոր պայմանները ստեղծվել էին: Սակայն հեղափոխությունն ինքնին ենթադրում է քաղաքական սերնդափոխություն այն իմաստով, որ իշխանության գլուխ է անցնում նախկինից արմատապես տարբերվող քաղաքական հայացքների, գաղափարախոսության կրող ուժը: Մինչդեռ այսօրվա իշխանությունները թեև հակադրվել են նախկին իշխանությանը, մասնավորապես՝ «Սերժ Սարգսյան-Ռոբերտ Քոչարյանական» իշխանություններին, սակայն, որպես այդպիսին, առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի քաղաքական գծի շարունակողներն են: Այսինքն՝ արմատապես չեն տարբերվում այն համակարգից, որը ժառանգվել էր և ձևավորվել Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակ, ապա կայացել Ռոբերտ Քոչարյանի իշխանության տարիներին:
Հստակ է այն, որ նույնիսկ արհեստականորեն հնարավոր չէ հեղափոխական իրավիճակ հրահրել, քանի դեռ չկան նախապայմաններ: Իսկ այն, որ համակարգը, եթե ոչ լիովին փոխելու, բայց թարմացնելու կարիք կար, սա անհերքելի է: Այսուհանդերձ, անցյալ տարվա իրադարձություններից «հեղափոխական/արմատական» փոփոխությունների ակնկալիքները չարդարացան: Իհարկե, բարեփոխումները կարող էին փրկել իրավիճակը զուտ իշխանությունը պահելու ժամկետների տեսանկյունից, սակայն դրանց բացակայության պայմաններում հասարակությունն իր ակնկալիքների արդարացման համար նորին է փնտրելու:


Արմեն Մխիթարյան