Ազդակ #հրապարակախոսական

Քաղաքական մոլորությունների պարբերականությունը

«Սիրո և հանդուրժողականության» պետություն հնարավոր է ունենալ միայն հակսլիօրուելական գրքերում։ Դրա հնարավորության մասին խոսել, առանց պետության, համակարգի, հասարակության և մարդկային հոգեբանության կառուցվածքային առանձնահատկություններին չտիրապետելու, նույնն է, թե, առանց գիտահետազոտական բազայի, ֆեյսբուքյան գրառումների կենցաղային մակարդակում վերլուծել ժամանակակից պետության հեռանկարները։
Պետությունը միայն բանասիրություն չէ, որ այն պահես՝ հայրենիքին բանաստեղծություն ձոնելով (ինքն էլ՝ անտաղանդ)։ Չնայած պնդմանը, թե ապրում ենք ժողովրդավարական երկրում, պետությունը չի կարող լիովին ժողովրդավարական կամ բռնապետական։ Նույնիսկ ժողովրդավարական համակարգում առկա են բռնապետական տարրեր։ Ինչպես օրինակ՝ ոստիկանությունը, որն օրենքի ուժով բռնություն կիրառելու լիազորություն ունի։ Բնական է, որ բռնության կիրառումը միայն ի շահ քաղաքական իշխանության, և ոչ թե պետության, արդեն իսկ բռնապետական հատկանիշ է։
Բռնապետությունը պատմականորեն անհրաժեշտ օրինաչափությամբ իրողություն է, սակայն․․․ այն հարատև չի լինում։ Եվ այդ մարդու հոգեբանական առանձնահատկությունների արդյունքն է։ Մարդկային պահանջմունքների և բնազդների երկարատև ճնշումը ինչ-որ պահի բերում է հասարակության մեջ ապստամբության։ Իհարկե, հնարավոր չէ բացառել, անտիուտոպիաների օրինակով, իրավունքների խիստ սահմանափակմամբ համակարգի ձևավորման հնարավորությունը (ինչի տարրերին մենք ականատես ենք լինում արդեն մեր օրերում)։ Այլ հարց է, որ այդ պարագայում ևս ինչ-որ պահի ի հայտ են գալու հարցեր և խնդիրներ, որոնց պատասխաններից պարզ է դառնալու՝ դա այն լուծումը չէ, որը բավարարելու է ամբողջ բնակչությանը։

Հարցն այն է, որ Պլատոնի և Արիստոտելի ժամանակներից, նույնիսկ մոդիֆիկացիաները նկատի առնելով, այդ ժամանակներից տարբերվող նոր համակարգեր չեն հայտնագործել։ Մենք պարբերաբար, ցիկլիկ կերպով մի համակարգից մյուսին ենք վերադառնում, ըստ որում՝ փորձելով փոխել դրանց բնույթը՝ այդպիսով բավարարելով կա՛մ փոքրամասնությանը՝ հասարակության ինտելեկտուալ հատվածին, կա՛մ մեծամասնությանը՝ զանգվածին (ամբոխին)։ Սակայն, ի վերջո, պարզվում է, որ ինչ-որ բան սխալ ենք հաշվարկել․ այն համակարգը, որ բնորոշ է մեր ժամանակներին, չի համապատասխանում այն պահանջմունքներին, որ ունի հասարակության այս կամ այն հատվածը։
Այդպիսով, ինտելեկտուալ փոքրամասնության և ամբոխային մեծամասնության բալանսավորված համակեցության համար ամենալավ համակարգի այս ցիկլիկ փնտրտուքը անվերջանալի է և անարդյունք շարունակվելու է, քանի դեռ գոյություն ունի մարդկությունը։

Արմեն Մխիթարյան