Ազդակ #հրապարակախոսական

Բացասական ընտրասերում (սելեկցիա)․ ինչո՞ւ են ընտրանի դառնում վատագույնները

Հաճախ մենք զարմանում ենք՝ ինչպե՞ս են բարձրաստիճան պաշտոններին հայտնվում մարդիկ, որոնք չեն առանձնանում խելքով, ըմբռնողունակությամբ կամ բարոյա-կամային հատկանիշներով։ Այստեղ տարօրինակ ոչինչ չկա․ ուղղակի իրենց դեպքում գործի է դրվել բացասական սելեկցիայի օրենքը։
«Անվանեք ինձ թեկուզ երեք ղեկավարի, որոնք իրենց տեղակալի պաշտոնում կվերցնեին իրենցից ավելի խելացի մարդու։ Իսկ հիմա ասեք՝ ո՞վ կզբաղեցնի ղեկավարի տեղը նրա հեռանալու դեպքում։ Իհարկե, առաջին տեղակալը։ Եվ եթե շարունակենք հետևել ղեկավարության փոփոխությունը, ապա 70 տարի անց իշխանությունում կունենանք բացարձակ հիմարների»։ Այսպիսի միտք ինձ առաջին անգամ այցելել է դեռևս 1964թ․ 4-րդ դասարանում, երբ ես ուսուցչուհուն հայտնեցի, որ 70 տարի անց Խորհրդային իշխանությունը կփլուզվի և ինձ՝ 10-ամյա տղուկին, երեք օրով տնային կալանքի ուղարկեցին՝ լրացուցիչ արձակուրդ դասավորելով։ Այդ ժամանակ ես արդեն ընթերցել էի «Սամիզդատում» տպագրական մեքենայով տպված և միայն «ընտրյալ» ընթերցողներին ձեռքից ձեռք փոխանցվող Բուլգակովի «Շան սիրտը»։

Թերարժեքության բարդույթ

Թե «ինչո՞ւ են իշխանության գալիս մարդիկ, որոնց հազիվ թե կարելի է անվանել «ազգի խիղճը» հարցի պատասխանը փնտրելիս դիմենք հոգեբանությանը։ Զիգմունդ Ֆրեյդի կարծիքով՝ իշխելու ցանկությունը անօգնության և շրջակա աշխարհից վախի զգացումից ի հայտ եկող նյարդային խանգարման տեսակներից է։ Ավելին՝ ավստրիացի հոգեվերլուծաբանը պնդում է, որ իշխանատենչ մարդուն անհրաժեշտ է զոհ, որին նա գտնում է ենթակայի մեջ՝ ձևավորելով նրա հետ սադոմազոխիստական զույգ։ Ալֆրեդ Ադլերն էլ գրում է, որ իշխանության ձգտելու հիմքում ընկած է այնպիսի պաթոլոգիկ երևույթ, ինչպիսին «թերարժեքության բարդույթն» է։
Մարդու հոգեկանը, ազատվելով տրավմատիկ փորձից, ինչպես օրինակ՝ մշտական նվաստացումներից, գործի է դնում գերփոխհատուցման մեխանիզմը, որն արտահայտվում է այլոց հանդեպ առավելություն ունենալու սևեռուն պահանջմունքով։ Սակայն, ըստ Ադլերի, այդպիսի ձգտումը հաճախ անբավարարված է մնում, և իշխանության հասած մարդը իր բոլոր բարդույթները պրոյեկտում է շրջապատի վրա՝ ստեղծելով նոր խնդիրներ։
Եվս մեկ դասական՝ Էրիխ Ֆրոմը նշում էր, որ «հոգեբանական առումով իշխանության ծարավը արմատավորվում է ոչ թե ուժի մեջ, այլ թուլության։ Նրանում արտահայտվում է անձի անընդունակությունը՝ միայնակ կանգուն մնալու և սեփական ուժով ապրելու։ Որքան մեծ է իշխանության ձգտումը, այնքան ավելի է արտահայտվում անհատի կախվածությունն ուրիշներից»։

«Բնական ընտրություն»

Կենսաբանության մեջ կիրառվող «բնական ընտրության» դարվինյան տեսությունը հաջողությամբ բնութագրում է հասարակության սոցիալական համակարգի մոդելը։ Ուժեղ մրցակցային պայմաններում գլխավոր խնդիրը գոյատևելն է։ Երբեմն՝ ամեն գնով։ Այդ պարագայում անհատին նոր պայմաններին հարմարվելուն խոչընդոտող բարոյական ասպեկտները մղվում են երկրորդ պլան, իսկ առավել հաճախ ընդհանրապես վերածվում են մնացուկների։ «Բացասական սելեկցիա» եզրույթն կիրառած սոցիոլոգ Պիտիրիմ Սորոկինը իշխանության ձգտող մարդկանց անհատականության անկումը կապում է «զգացական մշակույթի» կորստին։ Նրա կարծիքով՝ «հաճույքի պահանջմունքը այնքան է խախտում մտավոր և բարոյական հավասարակշռությունը, որ մարդկանց մեծամասնության բանականությունը և նյարդային համակարգը չեն կարող դիմանալ ահռելի լարվածությանը»։ Դեգրադացմանը կարելի է դիմադրել՝ միայն տիրապետելով ամուր համոզմունքներ և բարոյական սկզբունքներ։ Սակայն եթե մարդու մոտ չկա բարոյական չափանիշ, բացակայում են իրավունքների և նորմերի մասին պատկերացումները, ապա այդ դեպքում ի՞նչը կարող է ետ պահել նրան ուրիշների շահերն արհամարհելուց։ «Ոչինչ, բացի ցանկություններից և տենչանքից»․ պատասխանում է Սորոկինը։
Ժամանակակից սոցիոլոգները, հետազոտելով իշխանության «բացասական սելեկցիայի» ֆենոմենը, եկել են այն եզրակացության, որ դա ոչ այնքան դեգրադացիա է, որքան իր ժամանակին հատուկ ծառայությունների կողմից հաջողությամբ փորձարկված, արհեստականորեն իրականացվող կադրային քաղաքականություն։
Հատուկ ծառայությունների պրակտիկայում վաղուց է օգտագործվում լրտեսին խայծի վրա դնելու միջոցը, երբ վերջինիս դեմ է արվում կոմպրոմատ, իսկ դրա հետ մեկտեղ՝ մանիպուլիացիայի ձևերը։ Քաղաքականության մեջ լրտեսը կոռումպացված պաշտոնյա է կամ քրեական անցյալ ունեցող գործարար։ Կոմպրոմատի առկայությունը նրան դարձնում է կառավարելի և լսող։ Հազիվ թե հնարավոր լինի խոսել այդպիսի «ղեկավարի» բարոյական կամ պրոֆեսիոնալ որակների մասին։ Այդ առումով առավել տիպիկ են «գունավոր» հեղափոխությունների արդյունքում իշխանության եկած մարիոնետային կառավարությունները։

 

Որպեսզի ստորադասները ավելի վատը լինեն

Շատ իշխողներ, ինչպես նաև իրենց ենթակա պաշտոնյաներ, դիտմամբ «բացասական սելեկցիա» են իրականացրել իշխանության ամենաբարձր օղակներում։ Խնդիրը՝ ստորադաս հիերարխիայի թուլացում։ Այդպիսով պաշտոնյաները փորձում էին միանգամից երկու նապաստակ խփել՝ հայտնվել ավելի շահեկան դիրքում, քան անփույթ ենթականերն են, և վերացնել հավանական մրցակիցներին արևի տակ տեղ ունենալու պայքարում։
Ռազմավարական մշակույթի հիմնադրամից Դմիտրի Սեդովի կարծիքով՝ այդ գործընթացները բնորոշ են կառավարման տոտալիտար համակարգերից շատերի, այդ թվում՝ խորհրդային համակարգի համար։ Չնայած նրան, որ բացասական ընտրասերման մեջ առաջին պլան են մղվում անհատական նպատակները, այն մեծապես կոլեկտիվ երևույթ է։

ԻՇԽԱՆՈւԹՅԱՆ ՀԱՍԱԾԸ ԱՅԼԵՎՍ ՈՉ ԱՅՆՔԱՆ ԻՐ ԱՆՁՆԱԿԱՆ ՇԱՀԵՐԻ ՏԵՐՆ Է, ՈՐՔԱՆ ԻՐԵՆ ԱՌԱՋ ՄՂԱԾ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԳԵՐԻՆ։

Պիտիրիմ Սորոկինը գտնում է, որ «սոցիալական թեժ համաղետների շրջանում ամենից հարմարվողները ոչ թե լավագույններն են, այլ զանգվածի՝ իր բնազդային մոտիվների և բանականությամբ չզտված ցանկությունների հետ ձուլվելու ընդունակ միջակները»:
Այդպիսի պայմանները բարենպաստ են բռնապետի ի հայտ գալու համար, որը, բարոյական սկզբունքներից հրաժարվելու կամ քաղաքական ֆիասկոյի ընտրության առջև կանգնելով, գերադասում է առաջինը։
Տնտեսագիտության նոբելյան մրցանակակիր Ֆրիդրիխ Հայեկը նշում է, որ ցանկացած տոտալիտար ռեժիմի գլխավոր կարգախոսն է՝ «նպատակը արդարացնում է միջոցները»։ Նա առանձնացնում է երեք չափանիշ, որոնց հետևելու պարագայում բռնապետը հաջողությամբ կռեալիզացվի՝

1․ Որքան ավելի կրթված և ինտիլիգենտ է ժողովուրդը, այնքան ավելի բարդ է համերաշխության հասնելու։ Հետևաբար, բռնապետը պետք է աջակցություն փնտրի բնակչության առավել ցածր բարոյական և ինտելեկտուալ մակարդակ ունեցող խավերում և, ըստ հնարավորության, առավել լայն զանգվածների մեջ ներդնել պրիմիտիվ բնազդներ և ճաշակներ։

2․ Ավելի լավ է աջակցություն փնտրել դյուրահավատ և ենթարկվող մարդկանց միջև՝ նրանց, ովքեր պատրաստ են ընդունելու ցանկացած արժեհամակարգ։ Սեփական հայացքների մասին անհրաժեշտ է հայտարարել հաճախակի և բարձրաձայն։

3․ Մարդկանց առավել հեշտ է միավորել ոչ թե պոզիտիվ, այլ նեգատիվ ծրագրի հիման վրա, ուստի պետք է անընդհատ դիմել մարդկային էությանը։

Տնտեսագետներից մեկը, գնահատելով այն մարդկանց, ում տհաճ է բուն իշխանությունը, իշխանության մեջ գտնվելու հնարավորությունը, հոռետեսորեն ընդգծել է, որ դրա հավանականությունը մոտավորապես հավասար է նրան, որ իր բարությամբ հայտնի մարդը պլանտացիայում վերակացուի պաշտոն կստանա։

 

Ս․ Բաբիչև (հոդվածի բնօրինակը)