Ազդակ #հրապարակախոսական

Համաշխարհային տնտեսության երիտասարդացման էլիքսիրը

«Մենք կստեղծենք մի տեխնոլոգիա, որի միջոցով մեզ
կհաջողվի երկարաժամկետ հեռանկարով լուծել մարդու և
մեքենայի միաձուլման խնդիրը։ Եվ երբ Ջինն արդեն
բաց թողնված կլինի շշից, հնարավոր է սարսափելի լինի,
հնարավոր է լինի հիասքանչ»:
Հատված ճարտարագետ գյուտարար Իլոն Մասկի հարցազրույցից
Սեպտեմբեր, 2018

 

Արդյունաբերական հեղափոխությունից ի վեր բոլոր հասարակարգերում պետությունների և քաղաքական գործիչների մրցակցության հիմքում տնտեսական ցուցանիշներն են եղել: Չնայած այդ հանգամանքին, կապիտալիստական երկրների տնտեսության զարգացման բեռն ու պատասխանատվությունը դրված է խոշոր կազմակերպությունների և ձեռնարկատերերի վրա։ Այդ է պատճառը, որ ժամանակակից շատ երկրներում խոշոր բիզնեսն ըստ էության վերածվել է քաղաքական ուղեցույցի: Գլոբալիզացիայի հետևանքով բիզնեսները ընդլայնվել ու հատել են իրենց երկրների սահմանները՝ աշխարհի քաղաքական քարտեզն ինչ-որ իմաստով վերածելով ֆիկցիայի: Խոշոր խաղացողները կապիտալի կենտրոնացման բազմաթիվ գործիքների են տիրապետում: Դրանցից մեկը վաղուց իր արդյունավետությունն ապացուցած ֆինանսական ճգնաժամերի ստեղծումն է: Տասնամյակը մեկ այս ճգնաժամերի կրկնվելը կարծես ժամանակակից կյանքի նորմատիվն է դարձել։ Վերաբաշխման սխեմաների պարբերական թարմացման նպատակով փոխվում են բիզնես ցիկլերը, ու թվում է, թե աշխարհի կապիտալիստական մոդելը արդեն սովոր է վերաթողարկման ու կարող է հերթական ճգնաժամից հետո տնտեսական թռիչքաձև առաջընթաց ապահովել։ Այնուամենայնիվ, անկախ բիզնես գործիքակազմից ու դրան տիրապետելու հմտությունից, առանց սպառողի առկայության տնտեսական առաջընթաց ապահովել հնարավոր չէր: Եվ ահա տնտեսական թռիչքաձև առաջընթացին զուգահեռ աշխարհում սպառող բնակչության թռիչքաձև աճ արձանագրվեց:
Հռոմեական կայսրության անկումից մինչև Կոլումբոսի ճանապարհորդությունը, այսինքն 13 դարի ընթացքում, Երկիր մոլորակի բնակչությունն ավելացել է 200 միլիոն մարդով։ Հիմա դրա համար անհրաժեշտ է ընդամենը երեք տարի։ Գրաֆիկների հետ աշխատել սիրող ու սովոր բիզնես տիրակալները չէին կարող չկանխատեսել մարդկության թվաքանակի ուղղահայաց աճի վտանգավորությունը, բայց մարդու մեջ սպառողին խթանելու հնարավոր հեռանկարը շատ էր գայթակղիչ: Եվ մարդը հեշտությամբ ստանձնեց այդ դերը՝ առանց հետևանքների մասին մտածելու: Պատճառն այն է, որ մեր նյարդակենսաբանական և հորմոնային համակարգերը գենետիկորեն ադապտացված չեն ժամանակակից աշխարհին։ Մեր՝ խնդիրների ընկալման և լուծման ներքին համակարգերը շատ ավելի հին են, քան այդ խնդիրների բնույթը։ Այսօր մենք կարողանում ենք մտածել ապագայի մասին, սակայն ապագան վիզուալիզացնելու համար նախատեսված մեր ուղեղի մեխանիզմները զարգացել են այն ժամանակ, երբ մենք դեռ ապագայի մասին մտածել չէինք կարողանում։ Մեր ուղեղի հին ռեֆլեքսիվ մեխանիզմները ծրագրված են «այստեղ և հիմա» որոշումներ կայացնելու համար։ Եվ հենց այդպես՝ «այստեղ և հիմա» որոշում կայացնելով, մեզանով գերբնակեցրել ենք Երկիրը, արժեզրկել ենք մարդուն և կասկածի տակ դրել մեր տեսակի պահպանման հեռանկարը։ Հատկապես վերջին երեսուն տարվա ընթացքում մենք մեր կամքին հանձնված Երկիր մոլորակն ամբողջությամբ վերածել ենք օգտակար հանածոյի և ապացուցել մեր պոպուլյացիայի վնասակարությունն այս վայրում։ Մենք բիզնես տիրակալների հետ միասին հանցավոր համաձայնությամբ ստեղծել ենք ժամանակակից մարդու մոդել, որի համար իր գոյաբանական նշանակությունն ուղիղ համեմատական է իր սպառման ինդեքսին: Այսպիսով առաջարկողի ու սպառողի միջև անառողջ «փոխօգնության» հետևանքով ստեղծվել է ժամանակակից համաշխարհային տնտեսությունը, որի պահպանման համար պարբերաբար սանձազերծվող ճգնաժամերը փրկօղակ են դարձել:
Վերադառնալով տնտեսությանը ու դրանից ակնկալվող անվերջ առաջընթացին, հարկ է արդարացիորեն նշել, որ այնուամենայնիվ կա տնտեսության մի ճյուղ, որ վերջին տարիներին սրընթաց զարգացում է ապրում։ Թվում է, թե այս՝ ռեսուրսների առումով մզված աշխարհում տեխնոլոգիական ներդրումները, ինդուստրիալ ավտոմատացումն ու ռոբոտացումը պետք է պալիատիվ օգնություն և երիտասարդացման էլիքսիր դառնային մեռնող տնտեսության ու ոչ այնքան կենդանի շրջակա միջավայրի համար։ Տեխնոլոգիական կարգավորման աշխարհի տիրակալները վաղուց են պատրաստ տնտեսության մեջ ներդնել նանո և բիո տեխնոլոգիաներ, արհեստական ինտելեկտ և ժամանակից տեխնոլոգիաների ընձեռած այլ հնարավորություններ։ Նման ներդրումները խոշոր ձեռնարկատերերին հնարավորություն կտային ավտոմատացման շնորհիվ կրճատել ծախսերը, խուսափել արհեստածին ճգնաժամերից և eco friendly դառնալ։ Բայց օրեցօր աճող այդ հնարավորությունները չեն ներդրվում բիզնեսում, քանի որ դրա հետևանքով միլիոնավոր մարդիկ կարող են գործազուրկ դառնալ։ Փաստորեն, տեխնոլոգիական զարգացումը խոշոր գործարարներին ստիպում է վերանայել նախկինում այնքան անհրաժեշտ սպառող մարդու օգտակար գործողության գործակիցը՝ նոր բիզնես դարաշրջանում: Նոր աշխարհակարգը սպառող մարդուն տեսնում է պոտենցիալ գործազուրկի դերում: Իսկ երբևէ աշխատելու հույսից զրկված մարդը վտանգավոր է:
Այս խնդրի լուծման պատասխանատուները 2015 թվականին Շվեյցարիայի Դավոս քաղաքում անցկացվող ամենամյա Աշխարհի տնտեսական ֆորումի ժամանակ որոշեցին Շվեյցարիայի քաղաքացիներին, անկախ այն բանից՝ նրանք աշխատում են, թե ոչ, փորձնական կերպով ամսական 2500 շվեյցարական ֆրանկ տալ։ Ու չնայած, որ հանրաքվեն մերժեց այդ նախագիծը, ուշադիր դիտողի համար պարզ դարձավ, թե հետագայում ինչպես են պատրաստվում զսպել նորագույն տեխնոլոգիաների ներդրման պատճառով լուսանցքից դուրս մնացած մարդկանց ընդվզումերը։ Ինչևէ, այդ ծրագիրը, դեռ կյանքի չկոչված՝ տապալվեց։
Այսպիսով, մենք վաղուց արդեն հայտնվել ենք մի իրավիճակում, երբ տնտեսությունն ու շրջակա միջավայրը կարելի է փրկել տեխնոլոգիաների ներդրմամբ, բայց այդ գործընթացն իր հերթին հղի է նոր վտանգներով։ Այս լճացած ու փակուղային վիճակում, ահա, կրկին օգնության է գալիս տեխնոլոգիան, բայց այս անգամ ոչ թե ծառայելու, այլ ծառայեցնելու նպատակով:
Մինչ մարդկությունը փակված է տներում, աշխարհի նվաճման տիտղոսի հավակնորդները պայքարում են նորաստեղծ 5G ինտերնետային կապի մենաշնորհի համար։ Տարբեր ընկերություններ հենց այս պահին հազարավոր նոր ընդունիչներ են տեղադրում աշխարհով մեկ։ Ինտերնետ կապի այս նոր տեսակը փոխելու է աշխարհի մասին մեր պատկերացումները` նոր փուլ սկսելով մարդու և մեքենայի հարաբերակցություններում: Չնայած այս նորաստեղծ կապի ներդրման լայնամասշտաբ աշխատանքներին, չկան նրա վնասակարության աստիճանի մասին արված հետազոտություններ։ 5G ալիքի դիապազոնը մոտ է միկրոալիքային վառարանի ալիքների դիապազոնին։ Մի խոսքով, ինչպես մեջբերում են շատ մասնագետներ՝ գտնվելով միկորալիքների ներգործության քսանչորսժամյա թիրախում՝ մենք բոլորս եփվելու ենք։
Իհարկե, սրա՝ մարդու ֆիզիկական և հոգեկան առողջության վրա թողած ազդեցությունը անվերականգնելի է լինելու, բայց ամենայն հավանականությամբ նոր աշխարհի տիրակալների վերջնական նպատակը 6G տեխնոլոգիայի ներդրումն է, որը իր հետ ամբողջությամբ նոր քաղաքակրթություն և թվային տնտեսություն կբերի, որտեղ նոր մարդը քիչ ընդհանուր բան կունենա մարդ արարածի հետ, բայց փոխարենը չի վնասի ո՛չ իրեն, ո՛չ շրջակա միջավայրը։
Մեծ հաշվով, մարդկությունը գիտակցության առումով ձախողեց իր առջև դրված խնդիրները ու ապացուցեց, որ պատրաստ չէ։ Մարդկությունը վրիպեց, բաց թողեց այն պահը, երբ իր ստեղծած տեխնոլոգիաները եկան ոչ միայն կառավարելու, այլև փոխարինելու իրեն:

«Ես կարծում եմ՝ մոտ ժամանակներս մենք նոր տեղեկություն կհրապարակենք մարդուն մարդու հետ կապելու նեյրոկապի մասին։ Ժամանակը սուղ է։ Գոյաբանական տեսանկյունից նեյրոկապի նպատակն է մարդու ուղեղում արագընթաց ինտերֆեյս ստեղծել, որի միջոցով հնարավոր կլինի փոխադարձ սիմբիոտիկ կապ ապահովել»․ հատված Իլոն Մասկի հարցազրույցից։

Հոդվածը՝ «Նիդեռլանդական օրագիր» կայքից

Լուսինե Սգոլիկ
        Լուսինե Սգոլիկ