Ազդակ #հրապարակախոսական

Ճգնաժամային իրավիճակում հոգեբանական խնդիրների դրսևորումները մեր հասարակությունում

Հոգեբանության մեջ հանդիպում ենք պնդման, որ ցանկացած հիվանդության, ճգնաժամային իրավիճակի ժամանակ ականատես ենք լինում առկա հոգեկան գործընթացների, խնդիրների սրված դրսևորումներին։
Մոտ 3 տարվա հասարակության տարբեր շերտերի հետ շփումը հանգեցրել է մի քանի դիտարկման, որոնք ներկայացնում եմ ստորև։
1. Պատասխանատվություն. Առհասարակ մեր ամեն անհաջողության, ամեն մի խնդրի դեպքում մեղավորներ ենք փնտրում, բողոքում, թե ինչո՞ւ մեզ մոտ ոչինչ չի ստացվում, թե ինչո՞ւ է մեր կյանքը սենց վատ, ինչո՞ւ չհասանք մեր նպատակներին։ Իսկ ներկա վիճակում ի՞նչ ենք անում. քննադատում ենք մարդկանց, կրկին մեղադրում պատասխանատու մարմիններին, որ լավ չեն աշխատում, կազմակերպում ախտահանումը, ուրիշ երկրների օրինակներ ենք բերում, թե՝ «տեսե՛ք, էստեղ կամ էնտեղ ո՛նց են մտածում առողջության մասին»։ Իսկ մենք չանսալով կոչերը, դուրս ու ներս ենք անում, որովհետև «ունենք շատ կարևոր, առաջնային անհրաժեշտության գործեր» (երբեմն՝ սա սուտ պատճառ է), չենք պահում «սոցիալական հեռավորություն», անձնական տարածք, հաճախ չենք պահպանում հիգիենայի նվազագույն կանոնները։ Մինչդեռ առաջինը պետք է հասկանանք, որ ԱՄԵՆ ՄԵԿՍ ՄԵՐ ԱՐԱՐՔՆԵՐՈՎ ԵՆՔ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈւ, որպեսզի կարողանանք հաղթահարել ճգնաժամը ու հետագայում էլ ապրենք հոգեպես և ֆիզիկապես առողջ միջավայրում, հասնենք մեր նպատակներին ու բավարարված լինենք մեր կյանքից։
2. Հարգանք. Ես ամեն օր ավելի ու ավելի եմ հասկանում, թե որքան քիչ ծնողներ են իրենց երեխային սովորեցրել հարգել սեփական անձն ու դիմացինին։ Իրար հրելը, հերթը խախտելը, դիմացինին չլսելը, հոգ չտանելը, մարդու կարծիքը, խոսքը արհամարհելը, վիրավորանքները կուլ տալը, բռնությունը ոչ այլ ինչ են, եթե ոչ հարգանքի բացակայություն։ Իսկ այս օրերին մենք ուղղակի շատ հաճախ համավարակի պայմաններում սոցիալական պատասխանատվություն դրսևորելու կոչերը անտեսում ենք, չենք հարգում մեր, ընտանիքի անդամների, դիմացինի առողջությունը։ Անկախ տարիքից՝ հարկ է, որ սովորենք ՀԱՐԳԵԼ ինքներս մեզ ու դիմացինին. դրանով էլ կփոխվեն մեր հարաբերությունները մեր շրջապատի հետ։
3. Ամբոխային գիտակցություն են անվանում այն վիճակը, երբ տրված ինֆորմացիան ընդունվում է զանգվածի, ամբոխի մոտ ու բոլորը անկախ իրենցից մտնում են տվյալ գիտակցության դաշտ՝ ըստ դրա էլ սեփական վարքը կազմակերպելով։ Այսպես, ի՞նչ ենք անում մենք ընդհանրապես ու հիմա. կարդում ենք, լսում ենք տարատեսակ տեղեկատվություն և այն զանգվածաբար տարածում՝ ասելով «ճիշտ ա», «համաձայն եմ», ուղղակի ինչ-որ հավանություն տալով կամ առողջ քննադատության փոխարեն վիրավորելով, մեղադրելով, պիտակավորելով, ընկնում «մոդայի» հետևից։ Մարդուն էվոլուցիան տվել է ԳԻՏԱԿՑՈՒԹՅՈՒՆ, ԻՆՔՆԱԳԻՏԱԿՑՈՒԹՅՈՒՆ, որի շնորհիվ մենք կարող ենք մտածել, վերլուծել, ընտրություն անել, որոշումներ կայացնել, քննարկումներ անել ու գալ որոշակի եզրակացության, զարգանալ։ Կարո՞ղ եք ասել՝ որտե՞ղ ենք մենք կորցրել այդ կարևոր էլեմենտները, որ մեր կյանքում գերակայող է դարձել ամբոխային մտածելակերպը, որ դադարել ենք մտածել ու մտել ենք ամբոխային գիտացության մեջ։ Երբ վերագտնենք մեր գիտակցությունը կլինենք մտածող անձինք, զարգացած հասարակություն։
4. Պանիկա կամ ապատիա՝ անտարբերություն. Հուզական վիճակներ, որոնց շատ եմ հանդիպում։ Մարդկանց մի մասը խուճապի մեջ չգիտեն, թե ի՞նչ անել, մյուս մասը այս մոլորակից չեն, աշխարհում կատարվող իրադարձությունները իրենց չեն վերաբերում։ Այս դեպքում էլի ակտիվանում է պատասխանատվության, գիտակցության դերը։ Եթե ամբողջ ինֆորմացիայի հոսքի մեջ մի պահ մտածենք ու հասկանանք, թե մեր հնարավորությունների սահմանում ի՞նչ կարող ենք անել, մեր կենսակերպը կփոխվի։ Կարծում եմ, եթե կարողանանք զարգացնել մտածելու ունակությունը ավելի ազատ և հանգիստ կլինենք։
5. Աղճատված մտածելակերպ. Ինֆորմացիան մեզ հասնում է արդեն իսկ ձևափոխված տարբերակով. օրինակ՝ լրագրողների միջոցով, որոնք հաճախ որևէ շահագրգիռ կողմին ձեռնտու կամ սեփական ընկալմանը համապատասխան սուբյեկտիվ մեկնաբանությամբ են փոխանցում հասու տեղեկատվությունը։ Ու անձը ընդունում է թերի (կամ միակողմանի) ինֆորմացիա՝ իր հերթին, սեփական գիտակցությունն աղճատելով։ Արդյունքում ձևավորվում է զանգվածային խուճապ։ Իսկ ամենատխուրը այս պարագայում այն է, որ չենք հասկանում, որ ունենք խնդիր, ինչը լուծել է պետք. խնդիրը ընկալում ենք որպես կյանքի մաս ու դրանով էլ ապրում ենք։ Ու կրկին գալիս ենք գիտակցության, մտածողության զարգացման անհրաժեշտության հարցին և «կոմֆորտի զոնա» կոչվող երևույթին։
6. Կոմֆորտի զոնայում մնալու մեծ ձգտում. Մենք սովորել ենք վարքի որոշակի ձևեր, որոնցով մեզ շատ հարմար է ապրել։ Չենք ուզում ընկալել փոփոխությունները, ինչպես օրինակ՝ օնլայն վճարումներ, գնումներ կատարելու, վերափոխվելու ևն։ Շարունակում ենք ժամերով հերթ կանգնել բանկերում, սուպերմարկետներում՝ նպաստելով հիվանդության տարածմանը, անհանդուրժողականությանը, ագրեսիային, անպատասխանատվությանը։ Կարող ենք սկսել փոխել մեզ՝ նոր հնարավորություններից օգտվել սովորելով ու փոխելով մեր վարքը, մեր առօրյան։ Ժամերով հերթ կանգելու փոխարեն, դիմացինի հանդեպ «մուննաթ գալու» փոխարեն կա՛մ հանգիստ սպասենք, կա՛մ օնլայն հարթակից օգտվենք, կա՛մ տերմինալներ, մանր խանութներ։ Բերածս պարզ օրինակների հետ միասին կան շատ ավելի բարդ վարքի, մտածողության ձևեր, որոնց վրա կարող ենք էլի աշխատել, վերափոխել և վերափոխվել։
7. Էգոիզմ. ինչի՞ ենք մենք անհատական սպորտաձևերում կամ աշխատանքում ավելի մեծ հաջողություններ ունենում, քան կոլեկտիվային ձևերում։ Պատասխանն, ըստ իս, հետևյալն է՝ մտածում ենք մեր էգոյի մասին. «ես հաղթեմ», «ես լինեմ առաջինը», «լավագույնը», «ես շատ օգուտ ունենամ», «ես հարուստ լինեմ»։ Այս սկզբունքով առաջ ենք վազում՝ մոռանալով շրջապատի մարդանց մասին։ Իսկ «մե՞նքը». «մեր թիմը կարող է հաղթել», «բոլորս վայելենք այդ պահը», «միասին լինենք լավագույնը»։ Սակայն հիմա՝ այս ճգնաժամի պայմաններում էլ, չնայած դրված սահմանափակումներին, շարունակում ենք շոյել մեր էգոն։ Մի պահ մտածեք՝ «Բա, ընտանիքի անդամնե՞րը, գործընկերնե՞րը, իրենց առողջությո՞ւնը, իրենց հաջողություննե՞րը»։ Համագործակցելով, իրար օգնելով, մի քիչ զիջելով մեր էգոն, դիմացինի մասին մտածելով՝ ավելիին կարող ենք հասնել ՄԻԱՍԻՆ։
8. Ագահություն. Ի՞նչ ենք տեսնում հիմա՝ արհեստական դեֆիցիտ, գների աճ։ Մարդի՛կ, եկե՛ք մի րոպե մտածենք մեր կողքինի մասին՝ թող մի գործը պակաս լինի, մնանք տանը, ապահովենք մեր հարազատի առողջությունը։ Օգնենք մեր կողքինին, որ դժվարությունից դուրս գա։ Մի բան քիչ ունենանք, որ ուրիշն էլ ունենա, կամ մերը տանք իրեն, որ ինքն էլ ապահով լինի։Գուցե վաղը, մյուս օր մեր ագահությունը մի կողմ դնելու, դիմացինին օգնելու մեր քայլի դիմաց ավելի շատ բան կունենանք։ Եկե՛ք սովորենք իրար օգնել։
9. Համբերություն. Չենք դիմանում տանը փակված, չենք համբերում՝ «էսօր պետք է վերջացնենք այս կամ այն գործը» ու մեզ դուրս ենք գցում տնից։ Բարկանում, որ մեզ խանգարում են։ ՍՊԱՍԵ՛Ք. մի քիչ համբերե՛ք։ Մի քիչ համբերելը այն ճիշտ որոշումն է, որը կօգնի ավելի շուտ հաղթահարել համավարակը և անցնելու մեր գործերին ավելի ապահով, անվտանգ միջավայրում, առանց վարակվելու վտանգի ու վախի։
10. Ագրեսիա. Ի թիվս նախորդ դիտարկումների՝ շատ այլ անձնական գործոններ, չբավարարված պահանջմունքներ ամեն մեկիս մոտ ձևավորում են ագրեսիա, որն էլ հետո դառնում է հասարակական ագրեսիա։ Իսկ դրսևորումները միշտ ենք տեսնում։ Ի՞նչ կարող ենք անել։ Ամենապարզ բանը՝ մտածենք, հասկանանք, թե ի՞նչն է մեր ագրեսիայի պաճառը, դիմացինը ինչքանո՞վ կապ ունի մեր ագրեսիայի հետ (շատ հավանական է, որ ընդհանրապես էլ կապ չունենա) և ինչպե՞ս կարող ենք փոխել։
11. Վստահություն. Մենք չենք վստահում մեր դիմացինին, ղեկավարությանը, տնօրենին, մեզնից մեծին, փորձառուին, մասնագետին ու չենք ուզում ենթարկվել, քանի որ ինքը չգիտի մեզ ինչ է պետք, ինքը մեզ խաբում է, իր շահերը, պահանջմունքներն է բավարարում (հնարավոր է և փորձով համոզվել ենք դրանում): Բայց ոչ, մեկ անգամ գոնե լսեք դիմացինին, հասկացեք՝ ինչ է ասում, փորձեք ենթարկվել։ «Ես ճիշտ եմ, դու՝ սխալ» գաղափարը մի կողմ դրեք ու լսեք։ Մեզ ասում են՝ «Սահմանափակեք ձեր տեղաշարժերը, շփումները»։ Մենք մտածում ենք՝ «գործ ունեմ, գնամ օդ շնչեմ, սուրճ խմեմ»։ «Ոչ ոք իրավունք չունի մեզ ուղղորդելու»։ Իսկ գուցե այս իրավիճակում մասնագետը, համաճարակաբանը, կառավարիչը ավելի լավ է հասկանում… Վստահենք իրար։ Եվ վերջապես սկսենք հավատալ։

 

Անի Մաջարյան
Անի Մաջարյան