Ազդակ #հրապարակախոսական

Ոճրագործների սերունդները

Հերթական ապրիլի 24ը անցավ ու հերթական անգամ ցանց նետվեցին տարբեր քննարկումներ Հայոց ցեղասպանության, դրա պատճառների, հետևանքների, ճանաչման ու փոխհատուցման, ներողամտության մասին։
Այս քննարկումների ֆոնին կա մի հարց, որ, կարծես, լուսանցքում մնաց։ Որոշ շրջանակներ, որոնք բողոքում էին թուրքական դրոշը այրելու ակցիայից, տարիներ շարունակ խոսում են ժողովուրդների մերձեցման ու ընդհանուր ապագայի մասին, ակտիվորեն տարածում թուրքական իշխանությունների որդեգրած «ընդհանուր ցավի» մասին թեզերը, հիմա էլ խոսում են թուրքերին ներելու մեր պատրաստականության մասին։
Կարծեմ՝ պիտի որ ակնհայտ լիներ, որ ներել-չներելու համար նախ ներողություն խնդրող է պետք։ Երբ Թուրքիայի քաղաքական վերնախավը, Հայոց ցեղասպանության մասին խոսելիս, շարունակում է ժխտել եղելությունը, պնդել, որ հայերի հետ պատահածը Առաջին աշխարհամարտի ցավալի հետևանքներից է, որոնց հետևանքով տուժել են նաև շատ թուրքեր և Օսմանյան կայսրության այլ քաղաքացիներ, ներողամտության մասին խոսելը ծիծաղելի է։ Թուրքիայում բազմաթիվ փողոցներ, հուշարձաններ, դպրոցներ և այլ հաստատություններ մինչ օրս կրում են ցեղասպանության կազմակերպիչների անունները։
Շատեր կասեն, որ կան թուրքեր, ովքեր ընդունում են ցեղասպանության փաստը և պատրաստ են ներողություն խնդրել։
Այստեղ կուզեմ վերհիշել տարիներ առաջ տեղի ունեցած մի իրադարձություն։ 2014թվականի դեկտեմեերին Հայաստան էր այցելել ցեղասպանության գլխավոր կազմակերպիչներից մեկի՝ Ջեմալ փաշայի թոռը՝ Հասան Ջեմալը։ Հասան Ջեմալը այն թուրք գործիչներից է, ովքեր խոսում են հայոց ցեղասպանության մասին։ Նա նույնիսկ գիրք է հրատարակել «1915 Հայոց ցեղասպանությունը» վերնագրով, որում նա խոսում է Հայոց ցեղասպանության մասին թուրք հասարակության կարծիքի, Հայ գաղտնի բանակի գործունեության և հետևանքների ու նմանատիպ շատ հարցերի մասին։ Գրքով պարոն Հասանը Նեմեսիսի իրականացնողներին և ՀԱՀԳԲ-ի մարտիկներին կոչել էր «հանցագործ», ինչը մեծ դժգոհություն էր հարուցել հայկական մասնագիտական հանրության շրջանակներում։ Գրքի շնորհանդեսից մեկ օր անց ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի ուսանողները հնարավորություն ունեցան հարցեր ուղղել նրան՝ հենց համալսարանի պատերի ներսում։
Հարցերը բազմաբովանդակ էին. վերաբերում էին փոխհատուցմանը, նրա պապի՝ Թուրքական հանրապետության կողմից նվեր ստացած, մեծահարուստ հայից խլված առանձնատանը, գրքում նրա հնչեցրած գնահատականներին։ Պահանջատիրության մասին առաջին իսկ հարցերին ի պատասխան՝ Ջեմալը սկսեց խոսել պատմության հետ համակերպվելուց, ժողովուրդների բարեկամությունից՝ երբեմն կիրառելով «ընդհանուր ցավի» թեզին հատուկ ձևակերպումներ։
Այստեղ ամեն բան ավելի պարզ դարձավ։ Թուրք հասարակության նույնիսկ այն ներկայացուցիչներն, ովքեր առերևույթ ընդունում են Օսմանյան կայսրության իրականացրած ցեղասպան քաղաքականության մասին փաստեր ու ներողություն խնդրքւմ, հիմնականում պատրաստ չեն առերեսվել փոխհատուցման ու հետևանքների վերացման անհրաժեշտությանը վերաբերող խնդիրներին։
Հիմա նորից հարց. ու՞մ ներել… ներողություն չխնդրողի՞ն, թե՞ հայից խլված տանը երջանիկ ու հարուստ մանկություն ունեցած ու դրա սեփականության իրավունքը վիճարկել չպատրաստվող կեղծ բարեպաշտներին։ Եւ վերջում. ներելու համար պետք է նախ հաղթել, պարտվելուց հետո ներելը ոչ թե ներողամտության ու քրիստոնեական առաքինության, այլ թուլության ու անկարողության դրսևորում է։

 

Էդուարդ Գալստյան
    Էդուարդ Գալստյան