Ազդակ #հրապարակախոսական

Ինքնամեկուսացման դրական և բացասական ազդեցությունների շուրջ

    Ինքնամեկուսացումը կարող է առաջ բերել թե՛ բացասական, թե՛ դրական ազդեցություններ, բայց գիտակից լինելու արդյունքում ցանկացած բացասական ազդեցություն հնարավոր է փոխել դրականի:
Մեկուսացման և ինքնամեկուսացման ժամանակ մարդ առնչվում է այն մտքերին, դիրքորոշումներին, հարցադրումներին, որոնց վրա շատ հաճախ առօրյայում, ոչ մեկուսացման պայմաններում չի էլ կենտրոնանում: Այս պայմաններում մարդիկ դեմ առ դեմ կանգնում են ներանձնային, միջանձնային խդիրների, էքզիստենցիալ հարցերի առջև, որոնցից առհասարակ փախչում են: Եվ բնականաբար, բացի արտաքին շրջապատից եկող ինֆորմացիայի,դեպքերի հետ կապված տագնապից, վախերից, կարող են առաջանալ ճնշվածության, ապակողմնորոշման, անորոշության զգացողություններ, դեպրեսիա: Եթե չկարողանան հաղթահել այս ապրումները, խնդիրները, ապա դրանք ժամանակի ընթացքում կարող են ավելի խորանալ, հասնել հոգեբանական լուրջ խնդիրների, նաև կարող են ունենալ մարմնական դրսևորումներ՝ տարբեր ֆիզիոլոգիական սիմնպոտմներ ու հիվանդություններ (գլխացավեր, զարկերակային արյան ճնշման տատանումներ, ստամոքսաղիքային, սրտի և այլ հիվանդություններ): Սա մեկուսացման բացական ազդեցության դրևորումն է: Այն դեպքում, երբ մարդիկ կարողանում են հաղթահարել այն խնդիրները, որոնց առջև կանգնել են, փոխվում է կենսակերպը, հարաբերությունները շրջապատի հետ, վերաբերմունքը կյանքի հանդեպ: Դառնում են ավելի գիտակից: Այս պարագայում կարող ենք խոսել ինքնամեկուսացման դրական ազդեցության մասին:
Մեկուսացման ժամանակ առաջացող մեկ այլ զգացում է անզորության զգացումը: Մարդ սկսում է կարծել, որ ոչինչ իրենից կախված է և ինքը ոչինչ չի կարող անել: Ներկա իրավիճակի դեպքում հենց մեկուսացումն է բերում օգնություն հասարակությանը, այսինքն՝ այս համաճարակի պայմաններում մեկուսացման մեջ գտնվող անձը ոչ թե անզոր է, այլ հակառակը՝ նա, նախ, ինքնապաշտպանված է, երկրորդ՝ պաշտպանում է իր ընտանիքը, իր մտերիմներին, սիրելիներին, երրորդ՝ օգնություն է ցուցաբերում թե՛ բժիշկներին, թե՛ հասարակությանը՝ կոտրելով համաճարակի տարածման շղթան: Իսկ առհասարակ մեկուսաման մեջ գտնվող մարդը, եթե արտաքուստ թվում է ոչ գործունյա, ներքուստ իր մոտ ընթանում են ներքին ինքնաճանաչման, ինքնավերլուծության պրոցեսներ, որոնք նպասում են անձնային աճին, որը միանշանակ իր դրսևորումները կունենա հետագայում: Եթե, իհարկե, անձը կարողանում է հաղթահարել առաջացող ներքին կոնֆլիկտները, հարցադրումները, հակառակ դեպքում՝ նա կունենա մասնագետի օգնության կարիք, քանի որ կհայտնվի ավելի ծանր վիճակում: Բայց, ի վերջո, ճիշտ ցուցաբերված օգնությունն էլ բերելու է նրան անձնային աճի, նոր անձնային որակների զարգացման: Բացի ներքին խնդիրների հաղթահարումից՝ մեկուսացումը հրաշալի հնարավորություն է մարդուն զբաղվել իր հոբբիով, ձեռք բերել նոր հոբբիներ, հետաքրքրություններ, կատարել այն ամենը, ինչի հնարավորությունը չի ունեցել մինչ այդ: Այսինքն՝ մեկուսաման մեջ գտնվող անձը ոչ թե անզոր մարդ է, այլ մարդ, ով կանգնած է նոր հնարավորությունների, ձեռքբերումների առջև,
որոնցից կարող է սկսել օգտվել:
Մեկուսացած ընտանիքներին ու հասարակական խմբերին դիտարկելիս տեսնում ենք, որ նրանք հանդիպում են միջանձնային, դերերի նույնականացման, սպասելիքների, պահանջմունքների բավարարման, պատասխանատվության ընկալման խնդիրների, միմյանց ճանաչման, ընդունման, հարգման, գնահատման պրոցեսների առջև: Այս խնդիրներն ու ճանաչողական պրոցեսները սրվում են մեկուսացման պայմաններում, քանի որ ազատ կյանքի դեպքում մարդիկ այդքան շատ ժամանակ չեն անցկացնում միմյանց հետ, կարող են չնկատել որոշ առանձնահատկություններ, ու հնարավորություն ունեն խնդիրների առկայության ժամանակ փախուստի դիմել, իսկ մեկուսացման պայմաններում՝ ոչ:
Այն խմբերի ու ընտանիքների դեպքում, ովքեր չեն կարողանում հաղթահարել այս խնդիրներն ու պրոցեսները կանգնում են բաժանման և այլ բացասական հետևանքների դիմաց: Իսկ երբ կարողանում են ընդունել դիմացինի անձնային տեսակը, ապա ունակ են գտնելու իրենց մոտ միջանձնային խնդիրների առաջացման պատճառները, վերաձևակերպելու իրենց սպասելիքները ու պահանջները միջանձնային հարաբերություններում, ընդունելու իրենց դերը, պատասխանատվությունը։ Այս պարագայում արդեն հարաբերությունները որակապես կփոխվեն ու համագործակցության արդյունքները շատ ավելի բարձր կլինեն:
Այսպիսով, մեկուսացումը կամ ինքնամեկուսացումը ոչ թե անզորության, դեպրեսիայի, անգույն անհետաքրքիր ապրելակերպ է, այլ հակառակը՝ հնարավորություն հասկանալու ու լուծելու ներքին ու միջանձնային խնդիրները և նոր ձեռքբերումներ ունենալու համար:

 

Անի Մաջարյան
Անի Մաջարյան